Իսկական ազգերը չեն ընկրկում

Պատկերացրեք մի ազգ, ավել քան 4,000 տարվա պատմությամբ, մի քաղաքակրթություն որ իր անջնջելի հետքն է թողել մարդկային պատմության վրա։

Պատկերացրեք մի քրիստոնյա երկիր ավելի քան 1700 տարի առաջ, որ քրիստոնեությունը սփռել է համայն աշխարհին։

Պատկերացրեք մի ժողովուրդ, խորը արմատացած իր պատմական հայրենիքում և հազարավոր տարիների ընթացքում հետեվողականորեն ենթակա բարբարոսական արշավանքների, սկսած պարսիկներից չորրորդ դարում, արաբներից յոթերորդ դարում և թուրք-օսմանական ցեղերից տասնըերրորդ դարում։

Պատկերացրեք մի ազգ, որի կեսը 1915-ին կոտորվում է օսմանյան թուրքական պետության կողմից, բնորոշելով քսաներորդ դարու առաջին ցեղասպանությունը։

Պատկերացրեք այս մեծագույն արհավիրքի վերապրողները, ընդամենը մի քանի տարի ետք, միասնաբար պայքարելով, ստեղծում են ազգային ժողովրդավարական նոր պետականություն։

Պատկերացրեք կոմունիստ Ստալինը 1921-ին անջատում է Արցախը իր մայր հայրենիքից, երկրի պատմական մի մասնիկ, որը դարերով հանդիսացել է ազգի քաղաքակրթության օրրանը, և պատկերացրեք 1989-ին, 68 տարիներ ապրելէ ետք փակ, կոմունիստ իշխանության լծի տակ և նույնիսկ սովետական միության անկումից առաջ, ժողովուրդը հռչակում է անկախություն և անցկացնում է ազատ ու միջազգային ստանդարտներով հանրաքվե, վերամիանալու մայր հայրենիքին։

Պատկերացրեք յոթանասուն տարիներ սովետականացված մի հանրապետություն, ստալինյան ռեժիմի ծանր պայմաններում։

Պատկերացրեք մի փոքր, շրջափակված երկիր երեք միլիոն բնակչությամբ, 1988-ին ցնցվում է քանդիչ երկրաշարժով, որը խլում է ավելի քան 50,000 կյանք և քանդում երկրի մի կարեւոր հատվածը։

Պատկերացրեք սովետական միության փոքրագույն ու ծայրագույն հանրապետությունը, որ օգոստոս 1990-ին առաջիններից է լինում իր անկախությունը հռչակելու։

Պատկերացրեք 120,000 ժողովուրդ, որին 44 օրեր պարտադրվում է անողոք պատերազմ, աշխարհի ամենա արյունարբու, անքաղաքակիրթ երկրներից մեկի՝ Ադրբեջանի կողմից՝ հետ-սովետական արհեստականորեն ստեղծված մի քանի ընտանիքների բռնատիրություն, որը զուրկ է պատմությունից ու մշակույթային արժեքներից և որի մարդկությանը միակ ներդրումը վերջին 32 տարիներին՝ իր ստեղծումից առ այսօր, հանդիսացել է նաֆթն ու գազը։

Պատկերացրեք մի ժողովուրդի կռիվ, ի հեջուկս անասելի մարտահրավերների, չունենալով որևէ արտաքին օգնություն, արժանանալու համար իր միասնական հայրենիքում ապրելու և արարելու իրավունքին։

Պատկերացրեք այսպիսի մի աննկուն ազգ։ Պատկերացրեք Հայաստանը։

Չունեմ որևէ խաբկանք որ քաղաքականությունը պաշտպանում է մարդկային արժեքները, ազատություններն ու արդարությունը։ Պետք է լինել միամիտ հավատալու որ այսպես կոչված <քաղաքակիրթ աշխարհը=""> գալու է օգնության 120,000 քրիստոնյա հայերին որոնք ապրում են անկախ Հայաստանի Հանրապետության Արցախի մարզում, երբ նրանք շրջափակված են Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի զինված ուժերի կողմից, թուրքական պետության ամբողջական աջակցությամբ։

Այդ դեպքում ինչու՞ եմ գրում սույն տողերը։ Գրում եմ նպատակ ունենալով հասցնել պատգամ թուրքական պետությանը և իր արբանյակ Ադրբեջանին, տալ խոստում՝ այս փոքր բայց անպարտուն ազգից, որ նրանք չեն հասնելու իրենց նպատակներին, որ մի անգամ ևս սխալվել են իրենց հաշվարկներում, որ Հայաստանը ոչ միայն պատվով դիմագրավելու է այս դժվարին, մի գուցե իր պատմության ամենա ծանր օրերը, այլեւ դուրս է գալու ուժեղացած, հաղթական ու միացյալ, վերա-ազատագրելով 2020-ի 44 օրյա պատերազմի ընթացքին թուրք-ադրբեջանական բանակների կողմից բռնագրավված հայկական Արցախյան հողերը։

Այս փոքր, 3 միլիոնանոց ազգը, մի անգամ ևս է աշխարհին ապացուցելու, որ մարդկությունը միշտ հաղթում է բռնությանը, որ մշակույթը չի զիջում բարբարոսությանը, և որ իսկական ազգերը դիմակայում են և վերջում հաղթահարում անհաղթահարելին։

Սա է եղել Հայաստանի 4,000 տարվա ժառանգությունը։

Սա է մնում Հայաստանի մարտահրավերը այսօր, որը և անկասկած այն վերապրելու է հաղթանակած։

Վիքեն Սերոբի Արաբյան
Երևան, Հայաստան
Սեպտեմբեր 2, 2023